Ազգային անվտանգության խորհուրդը ուղղակիորեն հանրապետության նախագահի ոլորտն է, կառավարության որևէ անդամ և ամբողջ կառավարությունը միասին իրավասու չեն հարցին պատասխանելու, թե ինչու է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը այս պահին թափուր՝ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին: Դավիթ Հարությունյանը հիշեցրեց նաև, որ ԱԱԽ-ն խորհրդատվական մարմին է, որը խորհրդատվություն է մատուցում նախագահին:
Զ. Փոստանջյանը շարունակեց՝ իսկ ինչու պետք է մարմնի գոյության համար գումարներ հատկացվեն հարկատուների հաշվին, եթե այդ պաշտոնը երկար ժամանակ թափուր է: Դ. Հարությունյանն արձագանքեց. «Ազգային անվտանգության խորհուրդը շարունակում է աշխատել, որևէ գումար չի վատնվում: Եվ առաջին դեմքի բացակայությունը չի նշանակում, որ ԱԱԽ-ն չի գործում»,- շեշտեց նա: